Պրոֆեսոր Հ. Բակունցի տեղեկատվական մասնագիտական կայքէջ

Նախարար Քուշքյանը չի խանդում բժիշկ Բակունցին

«Իրավունք» թիվ 30 ապրիլի 24-27 2009 թ.

1.         Մայրաքաղաքի ավագանում առողջապահության ոլորտին վերաբերող ի՞նչ խնդիրներ եք առաջնահերթ բարձրացնելու։ Արդյո՞ք Դուք էլ Հարություն Քուշկյանի օրինակին հետևելով մտադիր եք «բուժել Երևանի սիրտը»։ Ձեր գործընկեր նախարարը արդյո՞ք խանդով չի վերաբերվում այն հանգամանքին, որ ընտրություններում մրցում եք նրա հետ։
1. Ներկայումս առողջապահությունը Հայաստանում ապրում է ծանր ժամանակաշրջան և գործում է ոչ լիարժեք արդյունավետությամբ, որը հիմնականում կապված է օրենսդրական դաշտի բացակայության և համակարգի ոչ բավարար կառավարման հետ։ Ընդունվել են չմտածված կամային որոշումներ, օրինակ եթե համարենք, խոշոր հիվանդանոցների և այլ բուժհաստատությունների սեփականաշնորհումը  պրոգրեսիվ և ժամանակակից որոշում է, բայց այն իրեն չարդարացրեց բնակչության բացարձակ անվճարունակ լինելու պատճառով և հանրապետությունում բժշկական ապահովագրության սկզբունքների բացակայության պայմաններում։
Արդյունքում կտրուկ նվազեց բնակչության ամբուլատոր հաճախումները և ստացիոնար հիվանդների քանակը։ Նկատվում է սիրտ-անոթային, ուռուցքաբանական, տուբերկուլյոզի հիվանդությունների և մահացությունների քանակական աճ։ Անհասկանալի պատճառներով հանրապետությունում դադարեցրին իրենց գործունեությունները մի շարք մասնագիտական կենտրոններ, ինստիտուտներ, ծառայություններ։
Կարելի է ասել, որ այն իրավիճակը, որը տիրում է առողջապահության համակարգում չի գոհացնում ոչ բուժաշխատողներին, ոչ հիվանդներին և ոչ էլ ողջ հասարակությանը։ Հնարավոր է այդ իրավիճակը փոխել, թե ոչ։ Ես լավատեսորեն եմ տրամադրված այն գործընթացին, որը գնում է այժմ հանրապետությունում։ Ներկայումս ՕԵԿ-ի կողմից մշակված նախընտրական ծրագիրը, որը մենք մոտակա ժամանակում կներկայացնենք հանրությանը, կներառի այն անհրաժեշտ և անհապաղ միջոցառումները, որի լուծման դեպքում իրավիճակը առողջապահության համակարգում կբարելավվի։ Մենք հատկապես կարևորում ենք և նշանակություն ենք տալիս մեր ծրագրի երկու դրույթներին, որոնց լուծման դեպքում սոցիալական ճգնաժամը, որը տիրում է մեր հասարակությունում, բավականին կմեղմանա։
Դրանք են՝
- պարտադիր և կամավոր բժշկական ապահովագրական համակարգի ներդրումը հանրապետությունում, որը հնարավորություն կտա բնակչությանը ստանալ լիարժեք և երաշխավորված բուժօգնություն,
- ժամանակակից մասնագիտական բժշկական կենտրոնների ստեղծում՝ հագեցված բարձր տեխնոլոգիական սարքավորումներով։
Ինչ վերաբերում է պարոն Հարություն Քուշկյանի մտադրությանը բուժել Երևանի սիրտը, ես տեղյակ չեմ  ինչ առիթով է նա արել այդ արտահայտությունը և ինչ նկատի ուներ։ Օգտագործելով բժշկական տերմինաբանություն և լինելով նյարդաբան ես պատրաստ եմ բուժել Երևանի ուղեղը։
Անդրադառնալով այն հարցին, թե մեր նախարարը խանդով կվերաբերվի իմ մասնակցությանը ընտրություններին, կարծում եմ ոչ։ Ավելին, մեր անձնական հանդիպման ժամանակ նա գոհունակություն հայտնեց իմ որոշման վերաբերյալ մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, քանի որ երկուսս էլ հետապնդում ենք միևնույն նպատակները՝ բարելավել իրավիճակը առողջապահության համակարգում։

         2. Դուք նաև փորձառություն ունեք հայ-ռուսական բարեկամության ուղղությամբ հասարակական գործունեություն ծավալելու։ Այդ փորձն ինչպե՞ս եք կիրառելու Երևանի խորհրդում։

2. Լինելով ռուս-հայկական միջռեգիոնալ համագործակցության կենտրոնի ղեկավար, որը հասարակական կազմակերպություն է և հիմնադրվել է 2005թ. Ռուսաստանի Դաշնության ժողովի և ՀՀ Ազգային ժողովի ղեկավարության օժանդակությամբ, կարող եմ ասել, որ կարճ ժամանակում կարողացանք իրագործել շատ հետաքրքիր ծրագրեր, որոնք խթան հանդիսացան ռուս-հայկական հարաբերությունները բարելավմանը գիտության, մշակույթի, կրթության, առողջապահության և գրականության ոլորտներում։ Բերեմ իրականացված ծրագրերի օրինակներ
- “Նորմա” օպերա-ֆիլմի պրեմիերա Երևանում
- Մասնակցություն Ռուսաստանյան “Արարատ Ինֆո-Մոստ” թերթի հրատարակմանը
- Ռուսերեն և հայերեն լեզուների էլեկտրոնային ինքնուսույցի հրապարակում
- “Մարտիրոս Սարյանը և Ռուսաստանը” ալբոմի հրապարակում
-   Գիտության, բժշկության և գրականության ոլորտներում “ՌՈՍԱՌ”-ի ամենամյա մրցանակների հիմնադրում 
Քանի որ Երևան քաղաքը բավականին սերտ կապեր ունի Ռուսաստանի խոշոր քաղաքների հետ, կարծում եմ, որ այդ մեր փորձը կարելի է կիրառել զարգացնելով հարաբերությունները այդ քաղաքների հետ նկատի ունենալով մեր հայ համայնքի ծանրակշիռ ազդեցությունը Ռուսաստանի հասարակությունում։
Ուզում եմ նշել մեծ ցանկությունը ակտիվ մասնակցություն ունենալու այդ գործընթացների իրականացմանը մեր ռուսաստանյան հայրենակիցներին, որոնք հանդիսանում են հայտնի գործիչներ տարբեր ոլորտներում։ Կարծում եմ, որ Երևանի խորհրդում կարելի է օգտագործել այդ բոլոր հնարավորությունները։

3. ՀՅԴ մի շարք ներկայացուցիչներ ասել էին, որ չեն բացառում Երևանի խորհրդում Հայ ազգային կոնգրեսի հետ կոալիցիա կազմելը։ Իսկ ՕԵԿ-ը այդպիսի կոալիցիա կազմելը նո՞ւնպես չի բացառում։
3. Հայ ազգային կոնգրեսի հետ կոալիցիա կազմելը բացառում եմ, իսկ թե որ կուսակցության հետ կկազմի ՕԵԿ-ը կոալիցիա այդ հարցին կարելի է անդրադառնալ ընտրությունների արդյունքների ամփոփելուց հետո։ Ես մի առիթով արդեն նշելեմ, որ մենք պատրաստենք համագործակցել այն բոլոր ուժերի հետ, որոնք կիսում են մեր մտահոգությունները ստեղծված իրավիճակի վերաբրյալ և մտադրությունները իրականացնելու այն խնդիրները, որոնց լուծումը խիստ հրատապ է և անհրաժեշտ է հասարակության համար և որոնք ներառված կլինեն մեր նախընտրական ծրագրում։

4. Սերժ Սարգսյանը բացառում է, որ մայիսի 31-ից հետո կրկնվեն մարտիմեկյան դեպքերը։ Իսկ ՕԵԿ-ը բացառո՞ւմ է։
4. Այդ հարցի վերաբերյալ տարբեր կուսակցություններ այդ թվում և ՕԵԿ-ը բազմաթիվ անգամներ արտահայտել են իրենց կարծիքները։ Մարտիմեկյան դեպքերը ահազանգ են և զգուշացում են բոլոր քաղաքական ուժերի համար, թե ինչի կարող է հանգեցնել անհանդուրժողական քաղաքականաթյունը հասարակական կյանքում։ Իմ կարծիքով  բոլոր քաղաքական ուժերը պետք է քաջապես գիտակցեն, թե ինչպիսի ողբերգական հետևանքների կարող են բերել այդպիսի դեպքերի կրկնությունը  հասարակության և հանրապետության հեղինակության համար։ Դա արդեն երաշխիք է, որպեսզի քաղաքական ուժերը թույլ չտան նման պրոցեսների զարգացմանը։ Կարծում եմ, որ հանրապետության նախագահը դա ի նկատի ուներ արտահայտվելով այդ հարցի վերաբերյալ։ Մենք համակարծիք ենք նախագահի հետ։

5. Դուք նշել եք, որ ընտրություններում կարևորում եք ոչ թե հաղթանակը, այլ ՕԵԿ-ի ծրագրերը առաջ տանելը։ Ըստ Ձեզ, այս ընտրությունները կամրապնդե՞ն ՕԵԿ-ի դիրքերը, թե՞ ընդհակառակը, և ինչու։
5. Այո, ես և իմ գործընկերները կարևորում ենք մասնակցությունը ընտրությոընների այն տեսակետից, որ հնարավոր է ներկայացնել ծրագրեր, որոնց իրականացումը բավականին կբարելավի իրավիճակը, որը տիրում է մեր հասարակության տարբեր ոլորտներում և որը արդարացված դժգոհություն է առաջացնում հանրապետության ողջ բնակչության մոտ։ Մենք շատ ենք կարևորում պրոֆեսիոնալ մոտեցումը այդ ծրագրերի մշակման և իրականացման գործում և պատրաստ ենք իրականացնել համապատասխան քայլեր այդ ուղղությամբ։ Դրա համար անհրաժեշտ է ակտիվ մասնակցություն ունենալ մոտակա Երևանի ավագանու ընտրություններին, ներկայացնելով հանրությանը մեր ծրագրերը և մտադրությունները։ Կարծում եմ, որ ՕԵԿ-ը կկարողանա իրականացնել այդ ամենը ունենալով հանրության ծանրակշիռ քվեն։ ՕԵԿ-ի հաղթանակը դա մեր երկրի հաղթանակն է։

«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխ. խմբագիր՝ Հ. Գալաջյան

Copyright © 2014, Հ.Հ. Բակունց
Պրոֆեսոր Հ. Բակունցի տեղեկատվական մասնագիտական կայքէջ