Պրոֆեսոր Հ. Բակունցի տեղեկատվական մասնագիտական կայքէջ

Շախմատի մրցաշարին ծանրորդ չեն ուղարկում

«Հայոց աշխարհ» օրաթերթ, երեքշաբթի, 21 ապրիլի, 2009 #73/2873

«Հայացք» ակումբի երեկվա հյուրերն էին Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ-ի համամասնական ընտրացուցակում 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցնող թեկնածուներ՝ բժշկական գիտությունների դոկտոր ՀԵՆՐԻ ԲԱԿՈՒՆՑՆ ու տնտեսագիտության դոկտոր ԳՐԻԳՈՐԻ ՎԱՀԱՆՅԱՆԸ

Հ.Բակունցը արդեն 35 տարի է, ինչ աշխատում է առողջապահության ոլորտում, սակայն կարծում է, որ Երեւանի ավագանու խորհրդում աշխատանքը իրեն նոր հնարավորություն կտա բարձրաձայնել առողջապահության համակարգում կուտակված խնդիրների մասին. «Կարծում եմ, այսօրվա մեր պայմաններում ոչ լիարժեք է տեսակետը, թե բժիշկները չպիտի զբաղվեն քաղաքականությամբ։ Վերջին 20 տարվա ընթացքում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն։ Գտնում եմ, որ առողջապահության համակարգի խնդիրներին լուծումներ առաջարկելու գործին կարող եմ օգտակար լինել»։

Գ.Վահանյանը երկար տարիներ զբաղվել է կառավարման համակարգերի խնդիրներով եւ ցանկանում է իր գիտելիքները ի շահ մեր քաղաքի ծառայեցնել. «Քաղաքապետն ու ավագանիները տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ են։ Այս առումով շատ կարեւոր է ճիշտ կառավարման ռազմավարություն, մեթոդներ ու գործիքներ օգտագործելը։ Ես աշխատել եմ քաղաքի կառավարման համակարգում եւ ռազմավարական կառավարման մոդելների եւ դրանց կիրառման մասին գիտական աշխատությունների հեղինակ եմ»։

Նրա համոզմամբ, մասնագիտական բարձր պատրաստվածությունը այս ընտրություններում կարեւոր է լինելու։ Ինչպես շախմատի մրցաշարում հաղթելու համար ոչ թե լավագույն ծանրորդին, այլ շախմատիստին են ուղարկում, այնպես էլ Երեւանի ավագանու թեկնածուների մրցապայքարում հաջողության հասնելու համար կուսակցությունը իր ցուցակի առաջին տեղերում ներգրավել է մայրաքաղաքային տնտեսության խնդիրներին լավատեղյակ բարձրակարգ մասնագետների. «Կարծում ենք, որ կարող ենք քաղաքային կյանքում լուրջ բարեփոխումներ իրականացնել, քանի որ մեր բնագավառներում պրոֆեսիոնալ ենք եւ ուղղակի մրցակից չունենք»։

Հ.Բակունցը չհամաձայնեց այն տեսակետին, թե նախագահական ընտրություններից հետո կոալիցիային մաս կազմելով, ՕԵԿ-ի ընտրազանգվածը քանակական առումով լուրջ փոփոխության է ենթարկվել. «Չեմ կարծում, թե մեր համակիրները նվազել են։ Ընդհակառակը, ամեն օր նոր մարդիկ են հայտնվում, որոնք նախկինում քաղաքականությամբ չեն զբաղվել, սակայն այսօր հետաքրքրություն են ցուցաբերում մեր ծրագրերի նկատմամբ եւ ցանկանում են դրանց լուծմանը օգտակար լինել։ Այդ մարդիկ տարբեր բնագավառներում՝ գիտության, առողջապահության, մշակույթի համակարգերում են աշխատում։ Ինչ վերաբերում է կոալիցիային միանալուն, ապա մեր վերջին 20 տարիների դառը փորձը ցույց է տալիս, որ փողոցային ցույցերի մարտավարությունը օգուտ չի տալիս։ Կոալիցիային միանալը գուցե անսպասելի էր հասարակության համար, սակայն ես կարծում եմ, որ այդ քայլը ճիշտ էր եւ կուսակցությանը հնարավորություն է տվել իր ծրագրերը իրականացնել»։

Հ.Բակունցի խոսքով, ՕԵԿ-ը մայիսյան ընտրություններից հետո պատրաստ է Երեւանի ավագանու խորհրդում շարունակել համագործակցությունը 7 տոկոսանոց արգելքը հաղթահարած բոլոր քաղաքական կուսակցությունների հետ. «Իմ կարծիքով, ճիշտ է, երբ իշխանությունն ու ընդդիմությունը հասարակությանը հուզող խնդիրների լուծման հարցում պայմանավորվածություն են կարողանում ձեռք բերել»։

Եթե Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Մանուկյանը կարողանային 1996 թվականի ընտրություններից հետո որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել, հետագա անցանկալի իրադարձությունների ընթացքը հնարավոր կլիներ կանխել. «Ինչո՞ւ մենք պետք է բաժանվենք ճամբարների, որոնք այդ աստիճան անհանդուրժողաբար են միմյանց նկատմամբ տրամադրված։ Ես դատապարտելի եմ համարում այդ երեւույթը»։

Իսկ 2008-ի ընտրություններում պատկերն, ըստ ՕԵԿ ներկայացուցչի, այլ էր. «Համագործակցության առաջարկ արվեց, սակայն թեկնածուներից մեկին սատարող քաղաքական ուժերը չցանկացան համաձայնության գնալ եւ գերադասեցին փողոց դուրս գալ։ Իսկ, թե այդ ամենը ինչով վերջացավ, մենք բոլորս շատ լավ գիտենք»։

Գ.Վահանյանը վստահեցրեց, որ իրենք ընտրողներին ներկայանալու են լավ մշակած ծրագրով. «Մեր ծրագիրը մրցունակ, գիտատար եւ իրագործման տեսանկյունից պրակտիկ ու կոնկրետ է։ Մեր կարծիքով, ծրագրում ներկայացված են բնակչությանը հուզող խնդիրները եւ այն ռազմավարական նպատակները, որոնք ցանկանում ենք իրագործել»։

ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Copyright © 2014, Հ.Հ. Բակունց
Պրոֆեսոր Հ. Բակունցի տեղեկատվական մասնագիտական կայքէջ