Պրոֆեսոր Հ. Բակունցի տեղեկատվական մասնագիտական կայքէջ

Երևանը՝ նաև մշակույթի և գիտության մայրաքաղաք

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, 21.04.2009

Համաշխարհային տնտեսական ճգնաժամին ոչ միայն հնարավոր է դիմակայել, այլև խնդիրները հաղթահարելով՝ ապահովել լուրջ առաջընթաց։ Նման տեսակետ հայտնեց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Վահանյանը, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրի Բակունցի հետ երեկ հրավիրած ասուլիսում։ Նրանք Երևանի ավագանու ընտրություններում «Օրինաց Երկիր» կուսակցության ցուցակում հանդես են գալիս երկրորդ և երրորդ համարների ներքո։ Գ.Վահանյանի խոսքով, Հայաստանին, ինչպես նաև աշխարհի շատ երկրների համաշխարհային տնտեսական ճգնաժամը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնեցրել։ Այդ պարագայում, ըստ նրա, պետք է համախմբել եղած ուժերը, գտնել խնդիրների լուծման հնարավոր ուղիները։ «Ես նախ և առաջ երևանցի եմ, ինչպես նաև լավ մասնագետ ու կարծում եմ, որ իմ գիտելիքները, աշխատանքային փորձն օգտակար կլինեն առկա խնդիրների լուծման գործում»,- ասաց Գ.Վահանյանը։ Տնտեսագետը նկատեց, որ Երևանը պետք է լինի ոչ միայն գեղեցիկ, մաքուր, այլև մշակույթի և գիտության մայրաքաղաք։

Հ.Բակունցը նշեց, որ անլուծելի խնդիրներ չկան, պարզապես պետք է ունենալ լավ թիմ՝ պրոֆեսիոնալներով, ինչպես նաև հստակ ռազմավարություն։ Նա չի ընդունում այն միտքը, ըստ որի՝ բժիշկները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ։ «Եթե լավ մասնագետ ես և քո գիտելիքներով կարող ես նպաստել պետության զարգացմանը, ապա պետք է զբաղվես քաղաքականությամբ»,- ասաց նա։ Հ.Բակունցի խոսքով, իրականությանը չեն համապատասխանում այն տեղեկությունները, ըստ որոնց 2008 թ. նախագահական ընտրություններից հետո ՕԵԿ-ից շատերը հիասթափվել են։ «Մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունենում մարդկանց հետ, և նկատելի է, որ նոր դեմքեր են համալրել մեր շարքերը։ ՕԵԿ-ը ժողովրդի խնդիրների մասին բարձրաձայնող, աշխատող կուսակցություն է, մարդիկ էլ դա տեսնում են»,- ասաց նա։ Հ.Բակունցը նորմալ ճանապարհ համարեց իշխանությունների հետ աշխատելը և նշեց, որ քաղաքական կոալիցիայում լինելով՝ կուսակցությունն իրականացնում է իր ծրագրերը։ Երևանի ավագանու ընտրություններից հետո Հ.Բակունցը հնարավոր համարեց նաև Հայ ազգային կոնգրեսի հետ համագործակցությունը։

Արմենպրես

Copyright © 2014, Հ.Հ. Բակունց
Պրոֆեսոր Հ. Բակունցի տեղեկատվական մասնագիտական կայքէջ