Պրոֆեսոր Հ. Բակունցի տեղեկատվական մասնագիտական կայքէջ

Կարգավորված բուժման դեպքում ինսուլտի բոլոր ձևերը բուժելի են

“Новое время”, № 2285 7 մայիս, 2013

ԱՄԿ-ի տվյալներով սրտի և օնկոլոգիական հիվանդություններից հետո ինսուլտը մահացելիության պատճառների շրջանակում զբաղեցնում է երրորդ տեղը: Զարգացած երկրներում ինսուլտների միջին թիվը կազմում է տարեկան մոտ 2500 դեպք 1 մլն. բնակչության դեպքում: Ինսուլտը մեծահասակ բնակչության հաշմանդամության հիմնական պատճառներից մեկն է, քանի որ անգամ որակավորված օգնության դեպքում ինսուլտ կրած հիվանդի մոտ հաճախ նկատվում է հիվանդության սուր շրջանում կորցրած գործառույթների ոչ լիարժեք վերականգնում: Ենթադրվում է, որ  2050 թվականին ինսուլտների թիվն ամբողջ աշխարհում կավելանա 50 %-ով: Ինսուլտով հիվանդների բուժման իր հարուստ գիտական և գործնական փորձով կիսվում է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Նաիրի» բժշկական կենտրոնի նյարդաբանական կլինիկայի ղեկավար, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անգիոնյարդաբանության ամբիոնի վարիչ  Հենրի Բակունցը:

-Հե՛նրի Օսիպովիչ, 2004 թվականին ԱՄԿ-ն ինսուլտը հայտարարեց որպես գլոբալ համաճարակ։ Ինչո՞վ բացատրել այն փաստը, որ այդ հիվանդությունը սրընթաց տարածվում և «երիտասարդանում» է։

Աշխարհում յուրաքանչյուր 6 վայրկյանում ինչ-որ մեկը մահանում է ինսուլտից, ինսուլտ կրած հիվանդների թիվը տարեկան կազմում է 15 միլիոն, որոնցից 6 միլիոնը բուժման ենթակա չեն, այսինքն մահացելիությունը 30 տոկոս է կազմում։ Տվյալ պահին աշխարհում մոտ 30 միլիոն մարդ վերականգնման կարիգ ունի։ Սա, անշուշտ, կարևորագույն խնդիր և իսկական աղետ է հասարակության համար։ Մահվան ելքերի թիվը սրտի կաթվածի ժամանակ նույնպես բավականին բարձր է, սակայն եթե ողջ մնաս, հաշմանդամ չես դառնա։ Այսպիսով, ինսուլտը ոչ միայն բժշկական, այլև սոցիալական խնդիր է՝ կապված հիվանդի կյանքի որակի կտրուկ վատացման, որը հաշմանդամ է դարձել կրած ինսուլտի պատճառով, ընտանեկան փոխհարաբերությունների փոփոխության, պետության ծախսերի հետ և այլն։ Ամենատխրեցնող փաստն այն է, որ դիտարկվում է ինսուլտի դեպքերի աճի տենդենց ամբողջ աշխարհում։ Դա կապված է կյանքի ընդհանուր մակարդակի իջեցման հետ, այն փաստի հետ, որ հատկապես Արևմտյան Եվրոպայի, նախկին ԽՍՀՄ-ի երկրնորում, որոնց բնակչությունը վերապրել է ֆորմացիաների փոփոխություն, սոցիալական խնդիրների ավելացման հետ այն դարձել է ավելի ծանր, լարված։ Նայե՛ք, մեր երկրում առանձնացած ընտանիքները մեծ թիվ են կազմում. Տղամարդիկ հարկադրված մեկնում են արտերկիր աշխատանք փնտրելու, և այս ամենը չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ մարդկանց առողջության վրա։ Դրդապատճառների թիվն ավելացել է։ ԱՄԿ-ի տվյալների համաձայն՝ 1985-2004 թվականների ընթացքում Հայաստանը ինսուլտից մահացելիության աճի տեմպերով աշխարհում առաջին տեղերից մեկն է զբաղեցրել։

-Չի՞ կարելի, արդյոք, կանխարգելել այս հիվանդության զարգացումը։

Առողջ ապրելակերպը բոլոր հիվանդությունների կարևոր կանխարգելիչ միջոցն է, այդ թվում՝ ինսուլտի։ Ոչ մի դեղամիջոց չի կարող փոխարինել շարժումը, մինչդեռ շարժումը փոխարինում է յուրաքանչյուր հիվանդություն։ Հարկավոր է հետևել մարմնի քաշին, հրաժարվել ծխելուց, սահմանափակել ալկոհոլի օգտագործումը, չուտել ճարպոտ և աղի սնունդ, սննդակարգում ներառել բուսական ծագում ունեցող սնունդ՝ հարուստ կալիումով, մագնեզիումով և այլ միկրոտարրերով։ Անշու՛շտ, լինում են դեպքեր, որ առողջ ապրելակերպ վարող երիտասարդները, նույնիսկ մարզիկները, ինսուլտ են կրում։ Սա արդեն գլխուղեղի անոթների բնածին ախտահարում է, գլխուղեղի անեվրիզմա, որի մահացելիությունը բավականին բարձր է։ Այս պատճառով ծայրահեղ կարևոր է կանխարգելիչ հետազոտությունը, հատկապես այն մարդկանց համար, ովքեր տառապում են հաճախակի գլխացավերով, այլ սուբյեկտիվ գանգատներով, որոնք նյարդաբանի գործառույթներին են վերաբերում։ 

-Արդյո՞ք կա ինսուլտից հետո լիարժեք վերականգնվելու հնարավորություն։

Ինսուլտը գլխուղեղի արյան շռջանառության սուր խանգարում է։ Որքան շուտ սկսես բուժումը, այնքան կնվազեն անդառնալի փոփոխությունները։ «Ժամանակ-գլխուղեղ» կոնցեպտը նշանակում է, որ ինսուլտի դեպքում օգնությունը պետք է շտապ ցուցաբերել, հարկավոր է հիվանդի տեղափոխման հետաձգումը հասցնել մինիմալի։ Ինսուլտը նույնքան անհետաձգելի վիճակ է, որքան սրտամկանի կաթվածը և վնասվածքը։ Հիվանդի առողջացման հնարավորությունները կտրուկ աճում են այն դեպքերում, եթե նա տեղափոխվում է հիվանդանոց ինսուլտ կրելուց հետո առաջին 3 ժամվա ընթացքում։ Ներկայումս գոյություն ունեն դեղամիջոցներ՝ այսպես կոչված էնդոգեն տրոմբոլիտիկներ, որոնք օգնում են լուծել թարմ տրոմբը, սակայն վերջիններս կարող են ներերակային օգտագործվել միայն ինսուլտ կրելուց առաջին 3-4 ժամերի ընթացքում։ Ցավոք, Հայաստանում դեպքերը, երբ ինսուլտ կրած հիվանդը արագ տեղափոխվում է հիվանդանոց բավականին հազվադեպ են, սովորաբար նրան փորձում են բուժել տանը։ Նման հիվանդները, որպես կանոն, ընդունվում են մեզ մոտ ինսուլտից 3-4 օր հետո վատթարացման հետևանքով։ Շատ հաճախ սա պայմանավորված է նաև նրանով, որ ինսուլտով հիվանդի բուժօգնությունը իրականացվում է վճարովի հիմունքներով, իսկ այն բավականին թանկ արժե։ Այս խնդիրը կարող է լուծել բժշկական ապահովագրությունը, որը Հայաստանի բնակչության դեռևս 30 տոկոսն է ներառում։ Ինսուլտի բուժումը թանկարժեք է բոլոր երկրներում, այդ թվում՝ զարգացած, և ծախսերը, հիմնականում, հոգում են ապահովագրական ընկերությունները, իսկ անվճարունակ կամ տարեց հիվանդների բուժման ծախսերի մի մասը փոխհատուցում է պետությունը։      

-Եվրոպայում ավելի ու ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում ինսուլտի օգնության մասնագիտացված բաժանմունքների ցանցի զարգացումը, այսպես կոչված Stroke-Units /ինսուլտի բաժանմունքներԿա՞, արդյոք, մեզ մոտ նման բան։  

Հայաստանում ինսուլտի խնդրով զբաղվում եմ 1977 թվականից։ Մենք ԽՍՀՄ-ում առաջիններից մեկն էինք, ովքեր հիմնեցին մասնագիտացված բաժանմունքներ ինսուլտով հիվանդների համար Երևանի շտապօգնության հիվանդանոցում։ Կրկնում եմ, դա 1977 թվականին էր, մինչդեռ աշխարհում միայն հիմա են գալիս այն գիտակցությանը, որ ինսուլտը պետք է բուժել մասնագիտացված կենտրոններում։
Իրոգ, եթե հիվանդը բուժվում է մասնագիտացված կենտրոնում, արդյունքները մեկ կարգով բարձր են։ Ինսուլտից մահացելիությունն ամբողջ աշխարհում միջինում 30-40 տոկոս է կազմում, սակայն մենք հասանք այն արդյունքին, որ մահացելիությունը մեր կլինիկայում 4-5 տոկոս է կազմում։ Նմանատիպ ցուցանիշներ են նաև Եվրոպայի, ԱՄՆ-ի, Կանադայի որոշ առաջատար կենտրոններում, որտեղ բուժումն իրականանում է նմանատիպ բարձրակարգ մասնագիտացված բաժանմունքներում։ Հիմնվելով ինսուլտի բուժման մեր փորձի վրա՝ ես գտնում եմ, որ ճիշտ նախագծված բուժման գործընթացի դեպքում ինսուլտի բոլոր տեսակները բուժելի են։ Այստեղ ծայրահեղ կարևոր է իրականացվող բուժման փուլայնությունը՝ սկսած կլինիկայում հիվանդի գտնվելու առաջին րոպեներից։ Ցավոք, ներկայումս չկան ինսուլտի բուժման միասնական մեթոդներ, և այն իրականացվում է տարբեր ոչ բավարար հիմնավորված մեթոդներով սովորական նյարդաբանական և, շատ հաճախ, թերապևտիկ բաժանմունքներում, որոնք բացարձակապես համապատասխան պայմաններ չունեն նման հիվանդների վարման համար։
Իմ խորին համոզմամբ ինսուլտի թերապիան պետք է իրականացվի միայն բարձրակարգ մասնագիտացված և բարձր տեխնոլոգիաներով օժտված “Սթրոք” կենտրոններում, որոնք ինսուլտի դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության որոշմամբ սկսել են բացվել տարբեր երկրներում։ Ռուսաստանում պետական նպատակային ծրագրի շրջանակներում հատկացվել են մեծ ֆինանսական միջոցներ երկրի ամբողջ տարածքում 40-50 «Սթրոք» կենտրոններ հիմնադրելու համար։ Կցանկանայի նշել, որ նմանատիպ հաստատություններում բժշկական անձնակազմի որակավորումը պետք է համապատասխան լինի։ Եվ շատ բժիշկ-նյարդաբանների մեղքը չէ, որ նրանք չեն կարողանում արդյունավետ բուժել ինսուլտը, այլ՝ իրենց դժբախտությունը։ Հարկավոր է վերապատրաստել նրանց համապատասխան կենտրոններում՝ ներառյալ արտերկրում։ Ընդհանրապես, թերի մասնագիտական հմտությունները յուրաքանչյուր գործում խարազան են հասարակության համար, իսկ մեր դեպքում այս սկազբունքի խախտումը հանգեցնում է ցավալի ելքերի և ինսուլտի պատճառով բնակչության մահացելիության համաճարակաբանական և հաշմանդամացման ցուցանիշների համատարած վատթարացմանը։

 -Ինչպիսի՞ն եք տեսնում այս խնդրի լուծումը Հայաստանում։

Մենք մշակել ենք կանխարգելման, բուժման և վերականգնողական օգնության կազմակերպման միասնական ծրագիր ինսուլտով հիվանդների համար, ինչը նախատեսում է «Սթրոք» բժշկական կենտրոնի հիմնադրումը Հայաստանում, որը զինված կլինի սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշման, բուժման և կանխարգելման համար նախատեսված սարքավորումներով՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ, ինչը կօգնի բավականաչափ բարձրացնել հիվանդներին ցուցաբերվող բուժօգնության որակը։ Կենտրոնում նախատեսվում է համագործակցություն Եվրոպայի, ԱՊՀ երկրների առաջատար բուժհաստատությունների հետ՝ տարբեր երկրների առաջատար մասնագետների և էքսպերտների ակտիվ ներգրավմամբ, որոնց հետ կա պայմանավորվածություն։ Նմանատիպ կենտրոն Հայաստանին ծայրահեղ անհրաժեշտ է։ Իմ մենագրության մեջ մանրամասն ներկայացված է այդպիսի կենտրոնի դերն ու նշանակությունը հանրապետության համար, նրա գործունեության հիմնական ուղղվածությունները և սպասվող արդյունքները։ Անշուշտ, այստեղ գլխավոր խնդիրը վերջինիս համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հայթայթելն է, ինչը բավականին իրական է, հաշվի առնելով այն փաստը, որ այս նախագծի իրականացմանը մասնակցելու ցանկություն են հայտնել արտասահմանյան խոշոր կազմակերպություններ, որոնք մասնագիտացված են միջազգային կարգի բժշկական հաստատությունների նախագծման և կառուցման մեջ։ Շատ կարևոր է նաև այն, որ կենտրոնի կառուցվածքում նախատեսված է «ինսուլտի ռեգիստր» ենթաբաժնի ստեղծումը, որի նպատակն է բնակչության սկրինինգի անցկացումը՝ ինսուլտի հանդեպ նախատրամադրվածություն ունեցող մարդկանց հայտնաբերելու և համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ անցկացնելու համար։ Չէ որ, ցավոք, Հայաստանում ամրագրված հիվանդության ցածր ցուցանիշի և ինսուլտով հիվանդների հոսպիտալիզացիայի և, որպես արդյունք, բարձր մահացելիության միջև անհամապատասխանության փաստը վկայում է հիվանդության ոչ բավարար հայտնաբերման, ախտորոշիչ միասնական չափանիշների և փուլային բուժման սկզբունքների մասին։

-Ձեր մենագրության գրախոսություններում, որոնք լույս են տեսել բժշկական և գիտական տպագրություններում, ինչպես նաև գրքի նախաբանում, որը գրել է ՌԴ-ի առողջապահության և սոցիալական զարգացման ներկայիս նախարար, ՌԴ ՌԲԳԱ-ի թղթակից-անդամ Վ.Ի.Սկվորցովան, հիշատակվում է Ձեր կողմից մշակված նոր հասկացությունների, ձեռքբերումների, սկզբունքների մասին, որոնք առաջին անգամ ներկայացվել են ժամանակակից նյարդաբանական գրականության մեջ։ Կարո՞ղ են, արդյոք, դրանք օգնել այսպիսի արդիական բժշկա-սոցիալական խնդրի հետ պայքարում, ինչպիսին ինսուլտն է։

Մեր հետազոտություները իրականացվել են՝ հիմնվելով կլինիկական մեծ նյութի վրա, այդ թվում՝ արտերկրում հայտնի գիտահետազոտական կենտրոններում, դպրոցներում, որոնք ղեկավարվում են ակադեմիկոսներ Ե.Ի Գուսևի, Ռ.Վ.Պետրովի, Յ.Մ.Լոպուխինի, ՌԲԳԱ-ի թղթակից-անդամ Ա.Յ.Կուլբերգի, նյարդաբանության, իմունաբանության, ֆիզիկա-քիմիական բժշկության, իմունոքիմիայի շրջանում առաջատարների կողմից։ Մեր կարծիքով աշխատանքում գերակայում է նրանում ներկայացված գլխուղեղի ինսուլտի ժամանակ օրգանիզմում հոմեոստազի խանգարման գնահատման /ներքին հավասարակշռություն/ նոր կոնցեպտը՝ կապված արյան մեջ բջջային ընկալիչների քայքայման նյութերի կուտակման հետ։ հաջողվել է ապացուցել, որ հենց բջջային ընկալունակության խախտումն է այն մեխանիզմը, որի շուրջ իրականանում են բարդ պաթոֆիզիոլոգիական գործընթացները, որոնք, վերջիվերջո, հանգեցնում են ինսուլտի տարբեր ձևերի ձևավորմանը և զարգացմանը։ Հենց այդ փաստն է բացատրում այս պաթոլոգիայի դեպքում անարդյունավետությունը, իսկ որոշ դեպքերում՝ նաև իրականացված բուժման անարդյունավետությունը, ինչով էլ պայմանավորված է ինսուլտի դեպքերի նման բարձր մահացելիությունը։ Աշխատանքի մյուս կարևոր գործոնը, որը նույնպես պրակտիկորեն լուսաբանված չէ բժշկական գրականության մեջ, սուր ինսուլտների ժամանակ իմունային, էնդոկրին համակարգերի ֆունկցիաների խանգարումների, այդ ախտահարման ժամանակ նեյրոէնդոկրին համակարգի նշանակության և ինտեգրալ դերի մասին տվյալների նկարագրությունն է, որը ներկայացված է միասնական, ամբողջական, ընդհանուր կարգավորող համակարգի ձևով, որը կապում է հոմեոստազի բոլոր ակտիվ բաղադրիչները։ Այսպիսով, մեզ հաջողվեց ներկայացնել նյարդաիմուն էնդոկրին համակարգի գոյության մասին տեսական գաղափարների կլինիկական հաստատումը, որը ժամանակակից գրականության մեջ        հիմնականում լուսաբանված է իմունոլոգների, նյարդաքիմիկների, կենսաբանների կողմից և, մասնավորապես, խոշոր գիտնական-բիոքիմիկոս, մեր հայրենակից ակադեմիկոս Ա.Ա.Գալոյանի փայլուն աշխատանքների շնորհիվ։ Այսպիսով, ստեղծվում են օրգանիզմի տարբեր համակարգերի հայտնաբերված դիսֆունկցիաների վերացման իրական խոստումնալից հնարավորություններ և թերապիայում անցկացվելիք շտկումներ։
Վերջապես, մենագրության մեջ մեր կողմից մշակված և ներկայացված «Սթրոք» ծրագրում նախատեսվում է կլասթեր-կողմնորոշված տարածաշռջանային քաղաքականության օգտագործումը Հայաստանում ինսուլտի ախտորոշման, բուժման և կանխարգելման բոլոր ծառայությունների կառավարման և կազմակերպման գործում։ Գործունեության կազամկերպման այսպիսի կլաստերային սկզբունքը որոշ զարգացած երկրներում գտնվում է իրականացման սկզբնական փուլում։ Հուսով եմ՝ հնարավոր կլինի իրականացնել կլաստերային նախագիծ բժշկության մեջ։ Հանրապետությունում առկա է վերջինիս համար անհրաժեշտ ներուժ։ Այսպիսով, ինսուլտի դեմ պայքարի մարտավարական ուղղությունները ես տեսնում եմ վերը նշված ծրագրերի և նախագծերի իրականացման մեջ։

Գենոֆիա Մարտիրոսյան

Copyright © 2014, Հ.Հ. Բակունց
Պրոֆեսոր Հ. Բակունցի տեղեկատվական մասնագիտական կայքէջ