Նվիրվում է աստղագիտության միջազգային օրվան

 

ՎԻՇԱՊԻ ՏԱՐՈՒՄ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ, ԹԵ՞ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲ

 

Վերջերս մեր ուշադրությանն արժանացավ Պուլկովի աստղադիտարանի գիտաշխատող Սերվեյ Սմիրնովի արած հայտարարությունը` «06.06.2012թ. Արևը, Վեներան և Երկիրը 21-րդ դարում միակ անգամ կլինեն մեկ գծի վրա»:

Ի՞նչ է սա նշանակում` պատահականություն, աստղային հանդիպում, թե մի սիրո պատ­մու­թյուն, որով հիմք դրվեց մի նոր քաղաքակրթության: Սա թույլ տվեց մեզ մտորել մի շարք հարցերի շուրջ` արդյո՞ք  Վիշապի տարում Արևի, Վեներայի և Երկրի հան­դի­պու­­մը պատահականություն է և արդյո՞ք այն չի վկայում Արևի և Վե­նե­րա­յի “սի­րո” մա­սին, իսկ ինչպե՞ս ծնվեց նրանց սիրո պատմությունը և ի՞նչ կապ կա նրանց, հայ­կական Վա­հագնի ու Աստղիկի և հռոմեական Վուլկանի ու Վեներայի միջև:

Այս հարցին պատասխանելու համար համեմատականներ անցկացնենք Արևի և Վեներայի ու հայկական, հռոմեական դիցաբանության հերոսների միջև: Համաձայն հայկական դիցաբանության` Վահագնը ամպրոպի ու կայծակի աստ­վածն էր, մի վառվռուն ու խարտյաշ պատանի՝ հրեղեն մազերով, բոցավառ մո­րուքով և արեգակնափայլ աչքերով։ Նա ծնվում է տիեզերքի բուռն երկունքի ժա­մանակ և կռվի  բռնվում սև ու ամեհի վիշապների դեմ, սպանում նրանց, ազատում տիեզերքը կոր­ծան­ման սպառնալիքից։ Որոշ աղբյուրներում ու առաս­պելա­զրույց­նե­րում Վահագնը վկայվում է նաև որպես արեգակնային աստված:

Վահագնի հարսնացուն էր Աստղիկ դիցուհին՝ հայոց սիրո և ջրի աստվածուհին, որի պաշտամունքը կապված էր Արուսյակ (Վեներա) մոլորակի հետ:

Հռոմեական դիցաբանության Վուլ­կան` դարբնության և կրակի աստծուն, մենք նմանեցնում ենք Վահագնին: Վուլկանի կանանցից էին Մայան և Վեներան: Վեներա աստվածուհու պատվին անվանվել է Վեներա մոլորակն, իսկ Արեգակի աստված Վահագնի պատվին` Արևը: Այստեղից էլ սկիզբ է դրվել Վահագնի և Աստղիկի (Արևի և Վեներայի) սիրո պատմությանը:

Դիցաբանական պատկերացումները ներառել են ժամանակի ճանաչողական, կրոնական, փիլի­սո­փայական պատկերացումները, գիտությունն ու արվեստը: Այս կերպ մարդը փոր­ձել է ճա­նաչել և նկարագրել իրականությունը և զգացմունքները դյուցազունների,  ապա նաև մարդա­կերպ աստվածների միջոցով:

Այժմ փորձենք հասկանալ` ինչ կապ ունի աստղային այս զույգի պատմությունը վիշապի տարվա հետ, ինչու է այս հանդիպմանը ներկա լինում նաև Երկիրը, որն է նրանց առաքելությունը, ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ նրաց հանդիպումից:

Եվս մեկ անգամ հիշենք կենսատու լույս անձնավորող Վահագնին,  ով, որպես քաջ որսորդ, մարտնչում է խավարը, չար ու վնասակար ուժերը մարմնավորող վիշա­պների դեմ, սպանում նրանց` ազատելով տիեզերքը կործանման սպառնալիքից:

Ինչպես նշվում է պրոֆեսոր Գ. Վահանյանի և Վ. Վահանյանի «Հայկական Վահագն և եգիպտական Գոռ» աշխատությունում, ակնհայտ է Վահագնի և համաշ­խարհային ծառի միջև կապը: Երգի մոտիվները նկարագրում են աշխարհի ստեղծման եզ­րա­­փակիչ ակտը` նախամարդու ստեղծմամբ, լույսի հաղթանակով, ինչպես նաև ամե­նօրյա ծնունդով` արևի ծագմամբ, որը գովաբանվել է Վանի ավագանիների առա­վոտյան աղոթքում: Վահագնի ծնունդը ծագող Արևի (Արշալույսի) պատկերն է (Բ. Զուլումյան): Այստեղ խոսքը վերաբերում է ծնունդի և մահվան անվերջ շարունակվող ցիկլին, լուսաբացին, հաղթող և մթությունը արտաքսող Վեներային (Աստղի­կին`առավոտյան աստղին), արևածագին և կյանքին:

Անանիա Շիրակացու գրի առած մի հինավուրց ավանդազրույցում (ինչպես գիտենք`ավանդազրույցներն արժանահավատ պատմություններ են) Հայկի փոխարեն հայոց նախնի և սեմական Բել աստծո հակառակորդ է հիշատակվում Վահագնը, իսկ Գ. Վահանյանի  և Վ. Վահանյանի «Վահագնը (Վանից և Վահեից) որպես աստվա­ծաշնչյան Յախվեի կերպարի նախատիպ» աշխատությունում ասվում է, որ Հայկը, սպանելով տիտանյան Բելին (ով մարմնավորել է չար ուժերը), թաղում է նրան Վանա լճի մոտ գտնվող Նեմրութ հրաբխի մեջ: Նշենք նաև, որ Վուլկան աստծո դարբնոցը գտնվել է Էթնա հրաբխի մեջ: Այստեղ ուշագրավ է այն, որ այս տարի Հայ­կական լեռնաշխարհում ավելի հաճախակիացել են երկրաշարժերը, սկսել է ժայթքել Էթնա հրաբուխը, այսինքն` Վիշապի տարում տեղի է ունեցել Վուլկանի ծնունդը (հայ­կա­կական դիցաբանությունում` Վահագնի ծնունդը): Համակարծիք ենք Գ. Վահանյանի այն գաղափարին, որ այս` Վիշապի տարում հնարավոր է արթնանա նաև Նեմրութ հրաբուխը:

Մեր կարծիքով` սա վկայում է վիշապի տարում Վահագնի և Վիշապի (Արևի  և խավարի) միջև նոր տիեզերական պայքարի մասին: Իսկ ի՞նչ կապ ունի Երկիրը: Այստեղ կապն ակնհայտ է. վիշապի դեմ մահացու պայքարի արդյունքում Վահագնն ազատագրեց Երկիրը` հիմք դնելով նոր քաղաքակրթության:

Արդյո՞ք փաստերը չեն վկայում աշխարհում նոր քաղաքակրթության սկիզբը…

 

Ասյա Գյուրջյան

 

Աշխարհում նոր քաղաքակրթության ծագման ավետիսը` Տիրոջ, Վահագնի և Աստղիկի
միաբանության գաղափարագիրը