ԵՐԲ ՀՈՒՇԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՆԵՐԿԱ

   Նրա ստեղծագործությունների վրա ... անհատական կնիքն է դրված, այնքան թարմ են և ինքնուրույն և զգացված ամեն մի պատկերն արտահայտությունը... Այս ժողովածուի («Սև ցելերի սերմնացանը» ) մեջ կան շատ մեծ վարպետությամբ ստեղծված պատմվածքներ։ Գեղեցիկ են շատ «Սպիտակ ձին», «Ծիրանի փողը», «Բրուտի տղան»։ Այնքան նուրբ են հյուսված այս պատմվածքները, մանավանդ «Միրհավը», «Բրուտի տղան», այնպես նուրբ, կարծես հեքիաթ են, կարծես երազ ես տեսնում, այնպես կախարդորեն հալվում են իրար մեջ անցյալն ու ներկան, որ հուշը դառնում է ներկա, որ իրական ներկան դառնում է երազ...

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

ԽՈՍՔ ԵՐԱԽՏԻՔԻ

...Մշտասևեռ, ներհուն և թախծոտ հայացքով նա ասես հավաքել էր ուզում նորածագ արևի փրկարար զորությունը և կիզել ինչ-որ անլուծելի գաղտնիքների հանգույցը։ Մինչ այսօր էլ այրում են մեր հոգին սրբազան երդման պես անարատ նրա սրտաբուխ «Ծիրանի փողը», «Խոնարհ աղջիկը», «Միրհավը», «Սև ցելերի սերմնացանը» և, վերջապես, իր՝ Խաչատուր Աբովյանի նման ողբերգականորեն անավարտ «Խաչատուր Աբովյանը»։ Հավերժ սիրելի և աչքերիս առջև կենդանի կանգնած Ակսելի յուրաքանչյուր բառի ու դարձվածքի մեջ մերթ մրմնջում են, մերթ՝ երգում Հայաստան աշխարհի երկնահաս լեռներն ու անդնդախոր վիհերը, անհուն երկինքն ուարագավազ գետերը, և այդ ամենից վեհ ու պայծառ Հայաստանի հրաշք արևը։

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ

Ակսել Բակունցը հայ գրականության ծիրանի փողն է՝ իր երբեք չմարող ելևէջներով։ Մեր բարձրիկ լեռնաշխարհի, մեր խորունկ ձորերի, մեր քարուժայռ հողի այդ քնքույշ միրհավ-երգչի ձայնը, լսելի, հարազատ ու մնայուն է ոչ միայն Մթնաձորի ու Այու սարի լանջերին, այլև տափաստանների ու ծովերի լայնքերում։Բակունցը Եղիշե պատմիչ-վիպասանի նորոգված ոգին է, մեծ մանրանկարիչ Սարգիս Պիծակի գույների նովելային վերածնունդը, Խաչատուր Աբովյանի «Վերքի» առաջին վիպասանողը։

ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ

ՄԻՐՀԱՎԻ ԿԱՆՉՆ ԵՍ ՏԱՆՈՒՄ ԴԱՐԵՐԻՆ

Դու կանգնած էիր հայրենի հողին,
Նրանից բուսած ծառ էիր կարծես։
Գյազբելի նման բարձր էր քո հոգին
Եվ խոր էր, խորունկ Մթնաձորի պես։
Դու քանդակեցիր անմահ կոթողներ,
Սրբատաշ տողեր քանդակեցիր դու,
Արևի շողեր,անձրևի քողեր,
Ծիրանի փողեր քանդակեցիր դու։
Իջար բարձրաբերձ Կաքավաբերդից,
Մարութա սարից իջար միգապատ,
Պաղ ջուր խմեցիր Բասուտա գետից,
Հասար Կարմրաքար ու հասար Դուրպարտ։
Լացեցրել է ինձ քո Վանդուց Բադին,
Խոնարհ աղջիկն ինձ գերել է մանկուց,
Վրնջում էդեռ սպիտակ քո ձին
Իմ հուշերի մեջ, ով Ակսել Բակունց։

Ակսել Բակունցի գեղարվեստական արձակը սքանչելի է հատկապես իր ռեալիստական արժանահավատությամբ, իրականությանը հավատարիմ լինելով, իր ներկերի ու երանգների նրբությամբ։ Բայց այդ արձակի մեջ անտեսանելիորեն, կարծես տողերի արանքում, ներկա է և հեղինակը, և նրա հետ, որպես իր գրքի ամենանշանակալի հերոսներից մեկի հետ հանդիպելը անջինջ տպավորություն է թողնում մեր մեջ...Մենք հաճախ ենք փնտրում այն բանի նմուշը, ինչ կարելի է անվանել ազգային յուրահատկություն։ Իմ պատկերացմամբ Բակունցը կատարելապես ազգային գրող է և այդ ազգային յուրահատկությունը ճանաչելու համար ավելի բան է տալիս, քան բազմաթիվ գիտական աշխատություններ...Միաժամանակ Բակունցը խիստ քնքուշ, զգայուն գրող է. ես կասեի, որ այն լիրիկական նուրբ զգացմունքը, որը Բակունցի մեջ դրսևորվում է մարդկանց հանդեպ տածած այնքան բնական ու ինքնաբուխ սիրով, առանձնակի սրություն է տալիս նրա գեղարվեստական զննումներին։

ԿՈՐՆԵԼԻՑ ԶԵԼԻՆՍԿԻ

ԱԼԲԵՐՏ ԻՍԱՋԱՆՅԱՆ

-Անաղմուկ բացել հնձանիդ դուռը,
Ո՞ր կածանով ես անդարձ հեռացել...
Քեզանից հետո,
Տարիներ անվերջ
Սրսփացել է Սոնան հնձանում,
Հին Դրնբոնում կաքավն է թախծել,
Ամպն է ծանրացել Կաքավաբերդում,
Եվ մանուշակն է գիշերով լացել։
Քեզանից հետո,
Տարիներ անվերջ
Որպես Խոնարհդ՝ խոնարհ աղջիկներ,
Քո Մթնաձորի հեքիաթն են հյուսել
Ու լույս են քաղել քո Մթնաձորից։
Քեզանից հետո
Հնձանդ հավետ բաց է մնացել,
Եվ դեռ հորդում է խորքերում գինին...

ԳՈՐԻՍ

Չբոլորեց տարին...
Մթնաձորում պահված լավն ու բարին
Մոլորվեցին մռայլ գիշերներում,
Մարեց Դիլան դային՝
Անհետ տարավ իր հետ
Լաջվարդ շապիկ-շուքով
Սոնա բուրող մի հուշ,
Ցող չէ, արցունք հագան մանուշակներն ալպյան,
Խորշակահար, անզոր...
Օրանջիայի վայրի վարդերն հագան...
Լառ մարգարն ու Հազրոն
Կորած Մեծ Հեքիաթի կարոտից ու ցավից,
Եռալեզու օրվա ահ ու դավից
Մի անգամ էլ խռով ախ քաշեցին.
-Ինչ զուլում է, լաո...
Լուսապսակ, լավիկ իմ որբուկին
«Խաչեր» կանչող մի կին մորմոքել էր մեկին...
Ախ, Բոխչագյուլ մայրիկ,
Ցավդ ինչպե՞ս պատմեմ՝ «Հո՞ր ա Սանթրիս»։
Խոնարհ հարսեր սևսուգ եղերամայր եղան,
Գազպեն սարից մինչև գագաթը Մայր լեռան
Սև ուրուրներ թռան,
Սևակնելով երկնի երեսն ամռան...
Արթին պապի մամռոտ շիրմաքարից
Ցավի մի շիթ ելավ,
Մերվեց սարեկ սյուքին,
Իջավ սրնգահարսոս սյունեցու սգին.
-Սարեր, սարդ տարան, սարեր, լավդ տարան։
Հրազդանի ձորում, գուցե այլուր,
Կապուտաչյա, հուրհեր հոգին հայոց
Ճարահատյալ՝ Նեռի կամքին հլու,
Անցավորի համար գերեզման էր փորել,
Իրեն տվել թևեր,
Թռել սառույցասիրտ Սիսն ու Մասիսն ի վեր
Պատգամելու համար
Այս հինավուրց հողից ծնվող-սնվողներիս
Խորհրդակիր խոհեր...
Եվ մի պայծառ անուն, մի հավերժող հնոց...
Ալեքսանդր Բակունց՝ ի գեղջեն Գորիս,
Որդի Ստեփանի և ամենայան հայոց։

1997-99թթ. Գորիս

Հաղթահարելով գեղեցիկ բառի խարդավանքը, նա հասավ ճշգրիտ բառի գեղեցկությանը, ավելին՝ վրիպած բառի ճշգրտությանը։ Հաղթահարելով բուն նյութին, կարևորին, կենտրոնին, կորիզին կարճ ճանապարհով հասնելու խարդավանքը, նա վրիպած բառերով պատմեց երկրորդականի, կողմնակիի, քչի, ոչ էականի, արձագանքի մասին և այդ պատմություններն այսօր մեզ համար երկու տասնյակի հասնող գլուխգործոցներ են...

ՀՐԱՆՏ ՄԱԹևՈՍՅԱՆ

...Երբ խոսում ենք Բակունցի մասին, նրան սովորական չափանիշներով չպիտի չափենք։ Նա մեր արձակի մեջ արեց նույնը, ինչ Վահան Տերյանը արեց մեր պոեզիայի մեջ. երկուսն էլ, մեկը պոեզիայի մեջ, մյուսը՝ արձակի, բերեցին եվրոպական, միջազգային մտածողության մակարդակ և դա մեր արվեստի զարգացման ճանապարհներն եղան, որոնցով եկան պոեզիայի մեջ Չարենց, Պ.Սևակ, Հ.Սահյան,արձակի մեջ Սերո Խանզադյան, Հրանտ Մաթևոսյան,Գուրգեն Մահարի։ Եվ այսպես, երկուսն էլ նոր ճանապարհների սկիզբն էին, իսկ սկիզբ լինելը շատ դժվարին է։ Այս իմաստով ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այս օրհնված հողին, որ աշխարհին Ակսել Բակունց է տվել։

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

... Երեսնական թվականների սկզբներին Բյագուն Ստեփանի գյուղատնտես որդին Ռուսաստանից խնձորենիներ էր բերել Գորիս։ Ստեփանը հանդապահ էր կոլխոզում և երբ եկավ աշխատանքից, խնձորենիների մի կապ դրեց թևատակին ու կնոջն ասաց.

- Բոխճագյուլ, էս մի քանի ծառը տանեմ հարևաններիս, թող տնկեն։
Երբ նա բաժանում էր խնձորենիները, մեկը հանկարծ հարցրեց.
-Ստեփան դայի, էդ օտար ծառերը՝ մեր հողում շիվ կտա՞ն։
-Ալեքսանս որ բերել է, ուրեմն՝ կտան։

Մի տարի, երբ խնձորներն արդեն ծաղկել էին, Ստեփան դայու բակում հայտնվեց ինքը՝ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանը, որ ժամանելով Գորիս, եկել էր նրա գրող-գյուղատնտես որդուն այցի։ Տեսնելով Բոխճագյուլ մայրիկին, որ Զանգեզուրի կանանց ազգային տարազով էր, որոշեց նկարել նրան։ Մայրիկը չհամաձայնվեց, բայց որդիները համոզեցին։ Երբ Սարյանն ավարտեց նկարը, Բոխճագյուլը՝ դարձավ Ստեփանին և ասաց իր գորիսյան բարբառով.
-Համութից քիչ էր մնում տափը ճղվեր՝ մեջը մտնեմ։ Բա կնիկ արմատը էդքան վախտ խալխի տղամարդու երեսին կյեշի՞։
Բարի, ազնիվ, հյուրասեր հարևանասեր մարդիկ էին Ստեփանն ու Բոխճագյուլը, իրենց քրտինքով ապրող, նաև ուրիշի հոգս ու վշտով տառապող։ բայց անսպասելի ամպրոպ պայթեց նրանց օջախի գլխին։ Սև ամպրոպ... Ստեփան դային չդիմացավ հանկարծահաս ցավին։ Սիրտը կանգ առավ։ Նրա դագաղը գերեզմանատուն տարան հինգ-վեց հարևաններով։ Ուրիշները վախենում էին վերջին հրաժեշտը տալ ծեր հողագործին. Ստալինի ու Բերիայի շները ձերբակալել ու ապա հոշոտել էին նրա որդուն՝ հայ արձակի անզուգական վարպետ Ակսել Բակունցին։
Ասում են, թե մեռնելուց առաջ Ստեփան դային հառաչանքով ասել է.
-Երանի թե տղաս չոբան լիներ, տավարած լիներ... Տանը մնացած լիներ, որ էդ օրին չհասներ...
Նրա պատմվածքներում և ակնարկներում երևում են հայրենի եզերքն ու նրա մարդիկ։ Բակունցի արձակի լեզուն գեղեցիկ է ու բանաստեղծական, ինչպես հայկական գորգերի նուրբ զարդանախշերն ու հայ ճարտարապետության խոյակազարդ քանդակները։

ՍԿԻԶԲ | ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ | ԲԱԿՈՒՆՑԻ ՄԱՍԻՆ | ՀԱՏՎԱԾՆԵՐ