«Հայաստան», #3, 11 հունվարի 1997թ.

ԿԵՆԱՑ ԾԱՌԸ
(կարծիք)


Տնտեսագիտական դոկտոր Գրիգոր ՎԱՀԱՆՅԱՆԸ իր յուրօրինակ ծրագիրն ունի Հայաստանի վերածննդի վերաբերյալ։ Այդ մտքերը առաջին անգամ չէ, որ "Երեւում" են մամուլում։ Հաշվի առնելով ընթերցողների ցանկությունը՝ հանդիպեցինք գիտնականին՝ խնդրելով փոքր-ինչ հանգամանալից շարադրել "Կենաց ծառ" ծրագիր-առաջարկը։


-Հայաստանի եւ հայերի վերածնունդն ու հզորությունը կապված է ժողովրդի միավորման եւ նրա միասնության գաղաբարի հետ եւ հանդիսանում է դիտարկվող խնդրի առանցքը։ Ավելացնեմ նաեւ, որ կարեւոր դեր ունի, անշուշտ, հայկական ընտանիքը, որը որպես սոցիալ- տնտեսական կառուցվածքի տարր, ամերիկյան կենսաձեւի նույն տարրի համեմատությամբ ունի անվիճելի առավելություններ, որոնցից մենք պետք է օգտվենք։
Ժամանակակից աշխարհում մարդկանց հետաքրքրասիրություններն առաջին հերթին տնտեսական են։ Նման հանգամանքներում հայ ծնվելը եւ "դառնալը" պետք է տնտեսապես շահավետ լինի։ Հայ մարդը սոցիալական, էթնիկական եւ պատմական ասպեկտներում առաջին հերթին կարեւորում է ընտանեկան շահն ու բարեկեցությունը։ Այսինքն՝ նրա տնտեսական շահերը ընդգրկում են ընտանիքի եւ նրա ապագա սերունդների տնտեսական շահերը։
ԱՄՆ-ի ներկայիս նախագահը մի առիթով նշել է, որ իր երկրի վարչակազմի կողմից մշակվել են գլխավոր ներքաղաքական խնդիրները։ Դրանք են՝ տարածքների, ժողովրդի եւ ամերիկյան ապրելաձեւի պաշտպանումը։ Այդ ռազմավարության 2-րդ տարրը համարվեց "ԱՄՆ-Ի ազգային շահերի պաշտպանությունը տնտեսության բնագավառում"։
Դժվար չէ նկատել, որ աշխարհի առաջավոր մյուս երկրները եւս հետապնդում են նույն շահերը։ Այս տեսանկյունից էլ դիտարկենք հանրապետության վերածննդի հարցը։ Ըստ որում, տնտեսական բնագավառում Հայաստանի ազգային շահերի լուծումը չպետք է հակասի ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ մյուս տերությունների շահերին։
Հետաքրքրությունների մոդելի առաջարկվող նոր կառուցվածքը ընդգրկում է համապետական (ընտանեկան) եւ համազգային (ազգային) տնտեսական շահերը։ Ընդ որում, ընտանեկան շահերը չեն հակասում ամերիկյան ապրելաձեւին. հայկական սփյուռքի տնտեսական շահերը չեն հակասում ԱՄՆ-ի շահերին։ Ինչպես վերջինս, այնպես էլ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ մյուս երկրները, շահագրգռված են իրենց քաղաքացիների՝ այդ թվում նաեւ հայկական համայնքի հարստության աճի եւ բարեկեցության հարցերով։
Այսպիսով, եթե Հայաստանը տնտեսության բնագավառում իր վարած քաղաքականության հիմքում դնի ողջ հայ ժողովրդի ազգային շահերի պաշտպանությունը, ապա այն չի հակասի առաջավոր երկրների շահերին։
Պատկերացրեք, եթե աշխարհի բոլոր հայերը կամ մեծամասնությունը (մոտովորապես 3,5 մլն հանրապետությունում, 1,5 մլն-ից ավելի Ռուսաստանում, համարյա 1 մլն Ամերիկայում, 500 հզ. Ֆրանսիայում եւ Եվրոպայում, միլիոնից ավելի Թուրքիայում, Իրանում եւ արաբական երկրներում)՝ ելնելով իրենց ընտանեկան շահերից որոշեն եւ կտակ պատրաստեն այն մասին, որ մահից հետո իրենց ունեցվածքի, ժառանգության (մասնավոր սեփականության եւ այլն) մի մասը փոխանցում են հայկական պետությանը՝ որպես իրավաբանական անձի, իսկ մնացած մասը իրենց անմիջական ժառանգներին։ Այս ճանապարհով պետությունը մի քանի ամսից կդառնա տասնյակ միլիարդ դոլարների սեփականատեր (այդ թվում՝ արժեթղթերի, բանկային կապիտալի, հողատարածքների, անշարժ գույքի եւ այլն)։
Իր հերթին, պետությունը պարտավորվում է (ըստ սահմանադրության) իրեն փոխանցված սեփականությանը համապատասխան ամեն տարի փոխանցել ազգային շահույթի որոշակի տոկոսներ ապագա ժառանգորդներին (այդ թվում նաեւ բոլոր քաղաքացիներին)։ Դրանից շահում է ե՛ւ Հայաստանը, ե՛ւ սփյուռքը։ Բացի այդ, դրանով վերանում են հիմնական ներքին հակասությունները ինչպես հայկական կուսակցությունների, այնպես էլ պետության եւ ընդդիմության միջեւ։ Ողջ սփյուռքը օբյեկտիվորեն շահագրգռված է եւ ձգտում է մերձենալ հայկական պետությանը, ժողովուրդը կհամախմբվի պետության շուրջ։ Այս ճանապարհով, փաստորեն, պետությունը դառնում է բացարձակապես նոր տիպի հզոր «բանկ»։ Այն գործում է ժողովրդի համար եւ պաշտպանում է նրա շահերը։ «Բանկի» նպատակն է ողջ հայության ծաղկումն ու բարեկեցությունը։ «Բանկի» նախագահը երկրի նախագահն է։ Ոչ ոք ոչ մեկից ոչինչ չի խնդրում։ Հայաստանը ոչ մեկին ձեռք չի մեկնում ողորմության համար։ Սփյուռքը, իր հերթին շահեկանորեն է ներդնում իր միջոցները (կամ որոշ մասը)։ Նա վստահ է, որ այդ գործը արվում է հօգուտ Հայրենիքի եւ ամբողջ հայության։
Մենք չենք խախտում ժողովրդավարության սկզբունքները, ընդհակառակը՝ զարգացնում ենք։ Ժողովուրդն սկսում է ակտիվորեն մասնակցել պետության կառավարմանը։ Չէ՞ որ «բանկի» արդյունավետ ղեկավարման մեջ շահագրգռված են նրա բոլոր ներդնողները։ Նախագահի ընտրությանը կմասնակցի Հայաստանի գրեթե ամբողջ բնակչությունը։
Կարծում եմ, պակաս կարեւոր չէ մեկ այլ հարց։
Հայոց պետությունը միանգամից չի բարձրացնի Թուրքիայից իր պատմական տարածքների վերադարձման ցավագին խնդիրը, բայց համապատասխան միջազգային կազմակերպությունների միջոցով կպահանջի. առաջին հերթին՝ փոխհատուցել 1914-1922թթ. ժամանակահատվածում Թուրքիայի հայ քաղաքացիների սեփականության դիմաց (այդ թվում նաեւ ցեղասպանության ժամանակաշրջանում բռնագրավված միջոցները՝ կապիտալ, անշարժ գույք, բանկեր եւ այլն), երկրորդ՝ համապատասխան իրավունքների իրավաբանական ձեւակերպում կամ Թուրքիայի նախկին հայ քաղաքացիների սեփականության վերադարձում, որոնց ժառանգորդները փոխանցել են այդ իրավունքները հայկական պետությանը, որպես իրավահաջորդի։ Այսինքն՝ այդ կապիտալը (2 միլիոնից ավելի հայերի միջոցները) կարող են փոխանցվել Հայաստանի հաշվին։ Վերջինս իր հերթին կարող է վարձով առաջարկել այդ կապիտալը (միջոցները) այժմյան իր «տերերին» Թուրքիայում։ Ի վերջո, Թուրքիան կճանաչի հայերի ցեղասպանությունը։ Վերջին հաշվով դա տնտեսապես շահավետ է նրա համար։
Պետք է հաշվի առնել նաեւ այն, որ Թուրքիայում ապրած շատ ունեւոր հայեր ապահովագրված են եղել կյանքը եւ ունեցվածքը ամերիկյան, ֆրանսիական ու անգլիական մասնավոր ապահովագրական գործակալություններում, ընկերություններում եւ բանկերում։
Պահանջվող տեղեկությունների որոնումը շատ աշխատանք չի պահանջում։ Ստեղծվում է պետական ծառայություն, որը զբաղվում է ժառանգության իրավունքների մասին փաստաթղթերի հավաքման հարցերով։ Այդ աշխատանքը կարելի է համակարգել դեսպանատների տնտեսական ծառայությունների միջոցով։ Այս ճանապարհով անհամեմատ արագորեն կհաստատվի խաղաղությունը Ղարաբաղում։ Ինքնորոշման իրավունքի պահանջը կլրացվի համաշխարհային ընկերակցության կողմից ընդունված՝ մարդու եւ մասնավոր սեփականության, իրավունքների պահպանման պահանջով։ Ղարաբաղը «մնում է» Ադրբեջանի սահմաններում։ Բայց Ղարաբաղը եւ Ադրբեջանի այլ հայկական տարածքները դառնում են Հայաստանի իրավական սեփականությունը։ Հայաստանը եւ ողջ աշխարհը կպաշտպանեն այդ սեփականության անձեռնմխելիությունը։ Ադրբեջանին ոչինչ չի մնում անել, քան ընդունել այդ հանգամանքը դե-ֆակտո եւ դեյուրե, ու վերջ տալ խնդիրը ուժային դիրքերից վճռելու անիմաստ նկրտումներին։ Ինչ վերաբերում է Հայաստանում ադրբեջանական գյուղերի, Բաքվի, Սումգայիթի եւ այլ քաղաքների փախստական հայերի սեփականությանը, ապա ունեցվածքային վեճերը եւ փոխհատուցման հարցերը կարելի է լուծել համապատասխան միջազգային կազմակերպությունների միջոցով՝ թույլ չտալով կողմերի շահերի որեւէ էական խախտում։
Ժառանգության փոխանցման համազգային ակտով կապահովենք մեր պետության եւ ժողովրդի «անմահությունը», կստեղծենք պայմաններ առաջընթացի համար։ Դարեդար կապահովենք եւ գալիք սերնդին կփոխանցենք մեր աշխատանքի եւ գիտության արդյունքներն ու կապիտալը։ Ոչ ոք չի կարող այլեւս նրան խաբել, կաշառել, ստորացնել, վիրավորել, վերացնել կամ թալանել։ Այս ամենով մենք հիմնադրում ենք նոր համահայկական տան անկյունաքարը։

Զրուցեց
Յու. ՍԱՀԱԿՅԱՆԸ