ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ, 27 հունվարի, 1995

«ՔՎԵԱՐԿԵՔ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ»
Հայաստանի վերածնման գաղափար-ծրագիր՝
«Կենաց ծառ»



«Քվեարկեք հանուն հայրենիքի, հանուն նրա հզորության, տվեք նրան թեկուզ մի մասնիկը ձեր մտքի, գիտելիքների, փորձի։ Հետո ամեն ինչ կվերադարձվի ձեզ, ձեր ընտանիքներին, երեխաներին ու թոռներին»։
Տեխնիկական գիտությունների թեկնածու, տնտեսագիտության դոկտոր, Հայաստանի հանրապետական հեռուստահաղորդացման ինֆորմացիոն կենտրոնի տնօրեն Գրիգոր Վահանյանը առաջարկում է Հայաստանի վերածնման հաղափար-ծրագիր։ Ո՞րն է այդ ծրագրի էությունը։ Մեր թղթակից Յուրի Սահակյանին ահա թե ինչ ասաց «Կենաց ծառի» հեղինակը։

Առաջարկվող սոցիալ-տնտեսական հարաբերությունների նոր հիմնադրույթի հիմքն են միջազգային հանրության կողմից ընդունված ժողովրդավարությունը, շուկայական տնտեսությունը եւ մարդու իրավունքները։ Անկյունաքարը ընտանիքն է։ Ելնելով այս տեսանկյունից ու հաշվի առնելով Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակը, կարելի է արդյունավետ, շատերի համար նույնիսկ անսպասելի արագ, վերածնել Հայաստանը։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հզորությունն ու վերածնունդը նրա միասնության եւ վերամիավորման մեջ է։ Այն, սակայն, հնարավոր է, երբ առկա են վերամիավորման գաղափարներ, նպատակ եւ կազմակերպչական համապատասխան կառուցվածքներ։ Հայ ընտանիքը որպես սոցիալ-տնտեսական կառուցվածքային տարր, ասենք, ամերիկյան ընտանիքի համեմատությամբ ունի անվիճելի առավելություններ, որոնցից պետք է օգտվել։
Ժամանակակից աշխարհում ժողովրդավարության եւ շուկայական տնտեսության պայմաններում մարդկանց շահերը առաջին հերթին տնտեսական են։ ՈՒրեմն, «հայ լինելը» տնտեսական առումով պիտի լինի շահեկան։ Սոցիալական, էթնիկական եւ պատմական տեսանկյունից հայն ամենից առաջ եւ ամենից ավելի, ընդունում է ընտանեկան շահերը եւ ընտանեկան բարեկեցությունը, այսինքն, հայի տնտեսական շահերը ընդգրկում են ընտանիքի տնտեսական շահերը։
Հետաքրքիր է , որ ԱՄՆ-ի նախագահ Բ.Քլինթոնը ոչ վաղ անցյալում առանձնացրել է ռազմավարության այն տարրերը, որ մշակվել են այժմյան վարչակազմի կողմից։ Ըստ որում, արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրը նա համարում է ԱՄՆ-ի տարածքի, ժողովրդի եւ ամերիկյան ապրելակերպի պաշտպանությունը, ապա նոր «ԱՄՆ-ի ազգային շահերի պաշտպանությունը էկոնոմիկայի բնագավառում»։ Դժվար չէ կռահել, որ աշխարհի մյուս հզոր պետություններն էլ հետապնդում են նույն շահերը։ Բայց Հայաստանի ազգային շահերի պրոբլեմների բարեհաջող լուծումը տնտեսության բնագավառում չպետք է հակադրվի ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ ուրիշ երկրների շահերին։
Պատկերացրեք, որ աշխարհի բոլոր հայերը կամ մեծամասնությունը, 3,5 մլն՝ Հայաստանի Հանրապետությունում, ավելի քան 1,5 մլն Ռուսաստանում, մոտ 1 մլն Ամերիկայում, 500 հազար Ֆրանսիայում եւ Եվրոպայում, միլիոնից ավելի Թուրքիայում, Իրանում եւ Արաբական աշխարհում, ելնելով իրենց ընտանեկան շահերից, ընդունում են մի պատմական որոշում. մահից հետո իրենց ունեցվածքի մի մասը կտակում են Հայաստանի Հանրապետությանը՝ որպես իրավաբանական անձի, իսկ մնացածը՝ իրենց անմիջական ժառանգորդներին։ Այսպես մեր պետությունը տառացիորեն մի քանի ամիս անց դառնում է հարուստ ժառանգության՝ ակցիաների, արժեթղթերի, բանկային կապիտալի, հողամասերի, անշարժ գույքի սեփականատեր։ Այդ միջոցները կարելի է արագ եւ արդյունավետ դնել շրջանառության մեջ։ Իր հերթին պետությունը պարտավորվում է (սա ամրագրվում է սահմանադրությամբ) ամեն տարի ազգային եկամտից որոշակի տոկոսներ, որը պետք է համապատասխանի սեփականության արժեքին, փոխանցել ապագա ժառանգորդին՝ ինչպես սփյուռքում, այնպես էլ հայրենիքում։ Շահում են բացառապես բոլորը։
Արդյունքում, իմ կարծիքով, կվերանան ներքին եւ արտաքին հակասությունները կուսակցությունների, գաղթօջախների տարբեր շերտերի միջեւ։ Սփյուռքը շահագրգռված կլինի սատարել հայկական պետությանը՝ իր պատմական հայրենիքին։ Ժողովուրդը կհամախմբվի պետության շուրջ, որը, փաստորեն, դառնում է միանգամայն նոր որակի խոշորագույն «բանկ»։ «Բանկը» կպաշտպանի ժողովրդի շահերը, նրա հաջողությանը նպաստելու է ժողովրդի բարեկեցության բարձրացումը։ «Բանկի» նախագահը երկրի նախագահն է, որի ընտրությանը կմասնակցի գրեթե ողջ Հայաստանի բնակչությունը։
Իմ ընդդիմախոսները գուցե կհարցնեն՝ չե՞ն խախտվի, արդյոք, ժողովրդավարության սկզբունքները։ Ոչ։ Ավելին, կըդլայնվեն։ Ժողովուրդն այսպիսով ակտիվորեն կմասնակցի պետության ղեկավարմանը։ «Բանկի» արդյունավետ ղեկավարմամբ շահագրգռված են բոլոր ավանդատուները։ Մի կարեւոր հանգամանք եւս։ Հայկական պետությունը Թուրքիայի առջեւ դեռեւս չի դնում տարածքային պահանջներ։ Եթե նույնիսկ քաղաքական անհրաժեշտությամբ այսօր ընդունում ենք սահմանների անխախտելիությունը, միջազգային համապատասխան կազմակերպությունների միջոցով, այնուամենայնիվ, պահանջում ենք փոխհատուցում սեփականության օգտագործման անօրինական յուրացումների համար միջոցների, կապիտալի, տների, հողի, գործարանների, բանկերի։ Թուրքիայի նախկին հայ քաղաքացիների սեփականության վերադարձ, դրա իրավաբանական ձեւակերպում, քանզի Հայաստանը դառնում է ժառանգորդն այդ սեփականության։ Թուրքիան ստիպված կլինի ընդունել հայերի ցեղասպանությունը, որպես նրանց ունեցվածքը թալանելու կամ ամբողջապես տեր դառնալու եղանակով։ Հակառակ պարագայում նա ստիպված է լինելու հայտարարել, որ չի ցանկանում թալանված սեփականությունը վերադարձնել իրավական անձ հանդիսացող Հայաստանի պետությանը։
Եթե կյանքի կոչվի իմ ծրագիրը, Ղարաբաղում արագ եւ վերջնականապես կհաստատվի խաղաղությունը։ Յուրաքանչյուր հայ Ղարաբաղում սեփականատիրական իր իրավունքները հանձնում է Հայաստանի Հանրապետությանը։ Այդպիսով, Ղարաբաղի եւ Ադրբեջանի հայաբնակ շրջանների հարստության մի մասն անցնում է Հայաստանին։ Սա ժողովրդավարական ինքնորոշման տնտեսական ձեւ է, որն արտահայտում է մարդու իրավունքները մասնավոր սեփականության հարցում։ Աշխարհը դեռեւս պատրաստ չէ ընդունել եւ իրագործել ազգերի ինքնորոշման իրավունքները, այնուամենայնիվ, սեփականության հարցում ոչ միայն ընդունվում, անգամ պաշտպանվում են դրա անձեռնմխելիության սկզբունքները։ Հայաստանը եւ աշխարհը պաշտպանելու են այդ սեփականության անձեռնմխելիությունը։ Ադրբեջանը հակադրված կլինի դե ֆակտո եւ դե յուրե ընդունել այդ հանգամանքը։ Եթե շարունակի պատերազմը, կնշանակի, յուրացվում է ուրիշի սեփականությունը, մի բան, որ չեն ընդունում միջազգային հաստատությունները եւ նրա համապատասխան մարմինները։
Ադրբեջանի եւ Հայաստանի փախստականների ունեցվածքի եւ սեփականության հարցը նույնպես կարելի է վճռել միջազգային կազմակերպությունների միջոցով՝ առանց կողմերից որեւէ մեկի իրավունքը խախտելու։
«Կենաց ծառը» ի՞նչ փոփոխություններ կբերի քաղաքական կյանքում, արդյոք նախագահը չի չարաշահի իր հնարավորությունները... Օրենքներն ու իրավունքները որոշակվում են սահմանադրությամբ, որի ընդունմանը մասնակցելու է բնակչությունը։ Նրանք բոլորը պետության սեփականատերեր են եւ շահագրգռված են, թե ով եւ ինչպես պետք է տնօրինի այդ հասարակությունը։ Ընտրություններին պետք է մասնակցի նաեւ սփյուռքի այն մասը, որը ընդունել է Հայաստանի քաղաքացիություն։ Այն մտավախությունը, թե հանրապետության նախագահը կարող է չարաշահել իր դիրքերը, անհիմն են, քանի որ ողջ ժողովուրդն է շահագրգռված «բանկի» արդյունավետությամբ։ Եվ եթե ժողովուրդը միաբան է եւ միակամ է ողջ հայությունը, ոչ մի ուժ, ոչ մի կուսակցություն կամ անձ չի կարող շեղել նրան։
Ասում են, որ իմ ծրագիրը իդեալական ժամանակների եւ պայմանների համար է։ Ո՛չ։ Այս ծրագիրը մեզ ավելի քան անհրաժեշտ է հենց այսօր։ Մենք պարտադրված ենք իրագործել այն։ Տնկելով այս «կենաց ծառը», մեր ժողովուրդը պետք է կյանքը վերահաստատելու եւ հարատեւելու խնդիրն իրագործի։ Համազգային ակտով, ժառանգությունը (կամ մի մասը) Հայաստանի պետությանը հանձնելով, մենք ապահովում ենք մեր ժողովրդի եւ պետականության «անմահությունը», ապահովում ենք սերունդների ապագան. դրվում է համահայկական նոր տան հիմնաքարը։