1989 թ., 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՈՒՐԲԱԹ, #264 (9635), "ԵՐԵԿՈՅԱՆ ԵՐԵՎԱՆ"

ԿԱՄՈՒՐՋ ՕՎԿԻԱՆՈՍԻ ՎՐԱՅՈՎ

ՀԼԿԵՄ Կենտկոմի «Որոնում» հանրապետական հեռուստակոմունիկացիոն կենտրոնին իզուր չէր դիմել Սան Ֆրանցիսկոյի բնակիչ, երկրաշարժագետ Ռուբեն Դոնիկյանը, որն աշխատում է երկրաշարժի հետեւանքով ավերված Սպիտակում։ Կենտրոնի աշխատակիցները նրան օգնեցին պարզել, թե ինչ է պատահել նրա հոր հետ. չէ՞ որ վերջերս Սան Ֆրանցիսկոյին նույն դժբախտությունը վիճակվեց։ Լավ լուրեր ստացվեցին. ամեն ինչ կարգին է, հայրը ողջ է։

Այս լուրը Հայաստանը եւ ԱՄՆ-ը իրար կապած եզակի ռադիոկոմպյուտերային կամրջի օրինակներից մեկն է։ Դա հնարավոր է դարձնել միջազգային վթարային սիրողական ռադիոցանցի հետ «Որոնման» համագործակցության շնորհիվ։ Իսկ դրանով զբաղվում է «Որոնում» կենտրոնի նոր ստորաբաժանումը՝ վթարային իրավիճակներում օգնություն ցույց տվող ծառայությունը։ Այստեղ աշխատում են երիտասարդ աշխատակիցներ Տատյանա Արտյոմովան եւ Վիկտոր Խրեբտովը։

- Սան Ֆրանցիսկոյի երկրաշարժի հաջորդ օրը կենտրոնը հանրապետական հեռուստատեսությամբ եւ ռադիոյով հաղորդեց, որ պատրաստ է օգնություն ցույց տալ հարազատներին ու բարեկամներին որոնելու գործում, տվեց իր հասցեն եւ հեռախոսահամարները,- պատմում է Վիկտորը։

- Անմիջապես սկսեցին զանգահարել ու գալ մարդիկ։ Մենք գրանցում ենք բոլոր հարցումները։ Մեզ արդեն մի քանի տասնյակ մարդ է դիմել, եւ հարցումների թիվը շարունակում է ավելանալ։

Երեքշաբթի, չորեքշաբթի եւ հինգշաբթի ժամը 19-ին (միջին եվրոպական ժամանակով ժամը 15-ին) հարցումները ռադիոկոմպյուտերով հաղորդվում են Արեւմտյան Բեռլին, միջազգային վթարային սիրողական ռադիոցանցի ներկայացուցիչ Ռոբերտ Բրյուսին, իսկ վերջինս արդեն դրանք վերահասցեագրում է Միացիյալ Նահանգներ, այդ ռադիոցանցի տնօրեն Գլեն Բաքստերին։ Այնտեղ որոնումները օպերատիվորեն են կատարվիում. արդեն հաջորդ երեկո պատասխանները գալիս են։ Դրանք, որպես կանոն, դրական են, եւ արդեն 5Օ-ից ավելի այդպիսի պատասխան է եկել։ Իսկ եթե որոնվողի հեռախոսը կամ հասցեն հայտնի չեն, ապա որոնումները շարունակվում են։

- Ստանալով պատասխանը, մենք կանչում ենք օգնության դիմած մարդուն եւ նրան հանձնում պատասխանը,- ասում է Տատյանան։

Վերջերս որոնումներին միացավ նաեւ «Սան Ֆրանցիսկո - Մոսկոու տելեպորտ» հեռախոսակոմպյուտերային ցանցը։ Այնպես որ հիմա որոնումները կատարվում են միանգամից երկու կանալով։

Իսկ ինչպիսի՞ք են աւդ գործունեության հեռանկարները։

- Հիմա մենք աշխատում ենք ծրարավոր ռադիոկապի օգտագործմամբ ինտեգրացված ինֆորմացիոն համակարգի վրա,- ասում է «Որոնման» ղեկավար Գ. Վահանյանը։- Դա նախատեսվում է երկրաշարժի գոտու հետ Երեւանի եւ հանրապետության մյուս ռեգիոնների ծրարավոր կարճալիք թվային կապի ստեղծումը։ Կարող ենք հարցում անել արտասահմանյան երկրների կարմիր խաչերին, հարկ եղած դեպքում օգնել ախտորոշիչ կոնսուլտացիաներ անցկացնելու, օպերատիվ կապ հաստատել երկրի տարբեր ռեգիոններում ժամանակավորապես բնակվող հարազատների ու բարեկամների հետ, ինչպես նաեւ արտաքին ու ներքին սփյուռքի հետ։ Մենք ունենք նաեւ դյուրակիր ինքնավար ռադիոկոմպյուտերներ, որոնք կարելի է օգտագործել ուրիշ կապի բացակայության դեպքում։

Ի դեպ, կենտրոնը կարող է օգնություն ցույց տալ ոչ միայն երկրաշարժի դեպքում, այլեւ ամեն մի տարերային աղետի դեպքում, երբ մարդկանց ճակատագիրը հայտնի չէ։ Կենտրոնի հետ կարելի է կապվել 58-8Օ-Օ4, 58-8Օ-Օ6 հեռախոսահամարներով կամ դիմել հետեւյալ հասցեով. 375ՕՕ2, Երեւան, Մոսկովյան փող. #2։

(Արմենպրես)